Խմբագրի խոսքը


 

 

ԳԱԳԻԿ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

Ժամանակը, մենք և մեր գուսանը...

 

          

          Մարդու անցած բազմադարյան ուղու բոլոր փուլերը կապվում են  խոշորագույն հայտնագործությունների ու գյուտերի հետ: 21-րդ դարի նախաշեմին մենք ականատես  եղանք  թվային հեղափոխության: Էլեկտրոնիկան և համակարգչային տեխնիկան եկան և իրենց թիկնոցի տակ առան մեր գործունեության ու ապրելաձևի բոլոր բնագավառները: Ժամանակի հրամայականը դարձավ նաև մշակույթային արժեքների թվայնացումը: Այն դիտվում է ինչպես այդ արժեքների պահպանման ու փոխանցման առավել արդյունավետ միջոց, այնպես էլ` ստեղծվում է նոր` թվային քաղաքակրթություն, ձևափոխվում և վերագնահատվում են համաշխարհային մշակույթի արժեքները: Ձևավորվող վիրտուալ աշխարհում վերանում են ժամանակային, տարածքային, սոցիալական ու այլ  պատնեշներ, և բոլորի համար, անկախ ազգային պատկանելիությունից ու ռասայից, ստեղծվում է հաղորդակցվելու  անսահման հնարավորություն: Ասենք, որ ինֆորմացիոն քաղաքակրթության բուռն զարգացման ու  աշխարհի գլոբալիզացման պայմաններում թվային միջավայրում զգալիորեն դժվարանում են  արժեքները ազգային բնութագրմամբ ներկայացնելու խնդիրները: Թե ինչքանով կարող ենք նոր իրականության մեջ պահել մեր ազգային կերպը, բնութագիրը`կախված է միայն մեզնից:
          Ի՞նչ է արվում հայկական իրականության մեջ այս ուղղությամբ: Մի կողմ թողնելով ինտերնետի հայկականացման խնդիրը, սկսենք ամենապարզ քայլից: Փորձենք մտնել համակարգ և տանք հարցում` գտնելու որևէ դասական գրողի, կոմպոզիտորի ստեղծագործություն, նրա մասին պատմող նյութեր...       
          Եթե չխառնենք թացը չորի, կատարվածը չկատարվածի հետ և համարձակվենք գնահատել իրավիճակը առանց գունազարդման. ամենապարզ գնահատականը կլինի` կատարվածը քիչ, շատ քիչ է:           
          Մեզ պետք է լրջորեն մտահոգի, որ այդ նոր`թվային աշխարհում պակասում են տեղեկատու նյութերը, հանրագիտարաններն ու բառարանները, մայրենի լեզվով չի ամբողջանում մեր  պատմությունը, գրականությունը, արվեստը: Իրենց ողջ  ստեղծագործական ժառանգությամբ ու բնութագրով այստեղ չեն ներկայանում մեր գրողները, նկարիչները, երգահանները, գիտնականները: Առանձին կարևորություն պետք է ստանա թարգմանական գործը:
          Այս ամենը իբրև մասնակի դիտարկում: Նրանք, ովքեր կոչված են քաշելու սայլը, անշուշտ ծանոթ են և' ակին և' լծին, տեսնում են նաև, թե ինչպիսին են մոտեցումները ուրիշ երկրներում:      
          Հիմա անցնենք բուն խնդրին: Վերջին տարիներին աշխատելով մի քանի կայքերի հետ, զգացել եմ լուրջ վտանգ, որ ազգային արժեքների թվայնացման ամբողջական ծրագրի բացակայության պայմաններում դասական շատ անուններ կարող են դուրս մնալ, իրենց տեղը չգտնել ոչ միայն համաշխարհային մշակույթի գանձարանում, այլև` օտարանալ մեր եկող սերունդների համար:
          Այս կայքի ստեղծումով փորձ եմ արել այդ մեծ ծովին մի բաժակ ջուր էլ ինքս ավելացնել: Իբրև Գուսան Աշոտի  կրտսեր ընկեր ու բարեկամ, ձեռնարկել եմ թվային աշխարհ տեղափոխել ու բոլորին մատչելի դարձնել մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգությունը, ստեղծել նրա էլեկտրոնային մատենագրության նման տարբերակ:  Հաջողվե՞լ  է Գուսանին արժանի կայք ստեղծել. կդատեն  օգտվողներն ու մասնագետները:
          Հիմա ուզում եմ խոսել մի փաստի մասին, որն ինձ տխրեցրել է: Կայքի հետ աշխատելու ընթացքում պարզվել է, որ Գուսան Աշոտի ստեղծած ու նոտագրված ավելի քան 500 երգերից բոլոր ժամանակներում կատարվել են ընդամենը 80-ը: Դրանք հիմնականում առաջին`<<Գուսանի սերը>>  և մասամբ էլ երկրորդ` <<Սիրո  կրակներ>> երգարաններում  զետեղված երգերն են: Երրորդ` <<Ծովաստղիկս>> երգարանի 126 երգերից կատարվել է միայն  6 -ը, իսկ <<Հավերժության>> 90-ից`ոչ մի երգ:  Եվս 94 երգեր, որոնք կան բանաստեղծությունների ժողովածուներում, տեղ չեն գտել երգարաններում: Արդյունքում ստացվում է, որ բոլոր ժամանակներում կատարվել են մինչև  60-ական թվականներին գրված երգերը, որ անվանի երգահանի կյանքի վերջին  30 տարիների ստեղծագործություններից գրեթե ոչինչ չի կատարվել:
          Անցած դարակեսին Գուսան Աշոտի երգերի այսպիսի ակտիվ կատարումների  համար մենք պարտական ենք հայ երգի մեծ նվիրյալներ`Հայաստանի երգի և պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Թաթուլ Ալթունյանին, Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Մերանգուլյանին, Սայաթ-Նովա աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար Վաղարշակ Սահակյանին: Ավելի ուշ այդ ավանդույթները շարունակել են Ստեփան Ջրբաշյանը,   Արմեն Մանդակունյանը,  Մանվել Բեգլարյանը, Էմմա Ծատուրյանը, Թովմաս Պողոսյանը: Առանձնապես պետք է ընդգծել Հովաննես Բադալյանի, Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի անունները, ովքեր նոտագրելու հետ մեկտեղ դարձել են Աշոտի երգերի առաջին կատարողները: Եվ վերջապես,  անվանի երգիչներ Օֆելյա Համբաձումյանի, Նորայր Մնացականյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Վալյա Սամվելյանի, Բելլա Դարբինյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Լևոն Քաթրջյանի, Ռիմա Սարիբեկյանի, Սուսաննա Սաֆարյանի, Պապին Պողոսյանի և էլի մի խումբ երգիչների  շնորհիվ է, որ Գուսան Աշոտի նոր երգերը ժամանակին պատշաճ քանակության կատարումներ են ունեցել:
          Չի կարելի ասել, թե այսօր Աշոտի երգերը  քիչ են կատարվում: Բայց փաստ է, որ նոր կատարողները ձեռք են մեկնում միայն գուսանի արդեն կատարված, մասսայականություն վայելող երգերին: /Բացառություն կարելի է համարել վերջին տարիներին "Սայաթ-Նովա" աշուղական երգի վաստակավոր անսամբլի կողմից կատարված <<Նոր տարի>>, Հ1 հեռուստաալիքի <<Երգ երգոց>> ծրագրում' <<Նոր տարին եկավ>> և <<Շանթ>> ՀԸ <<Ժողովրդական երգիչ>> ծրագրում` <<Ցող դառնամ, շող դառնամ>> զուգերգի  կատարումները/:
          Ամեն մի գրողի արձակ կամ չափածո ստեղծագործությանը ծանոթանալը ցանկության հարց  է. գիրքը դրված է պահարանում, ուզածդ պահին կարող ես վերցնել ու ընթերցել: Իսկ երաժշտական ստեղծագործությունը փակ աշխարհ է, առանց միջնորդի այնտեղ մտնել չես կարող, առանց կատարման այդ նոտաները խզբզված թղթեր են: Կարծում եմ,  չպետք է հաշտվել այն իրողության հետ, որ նման խոշոր երգահանի երաժշտական ժառանգության ավելի քան  80 տոկոսը ընդհանրապես չի կատարվել: Անտարակույս, այդ չբացված գանձարանը լիքն է երաժշտական գոհարներով: Այդ երգերի գոնե մեկ կատարումն ու ձայնագրումն այսօր անչափ կարևոր է, մասնավորապես այն պատճառով, որ մեր կողքին ապրում է Գուսան Աշոտի ստեղծագործությունների նվիրյալներից մեկը` Վալերիկ Գասպարյանը, որը շուրջ երեք տասնյակ տարիներ եղել է գուսանի երգերը նոտագրողը  և այսօր էլ կարող է ճիշտ ուղղորդել չկատարված երգերի առաջին կատարումները: Ի դեպ` Վ. Գասպարյանի կարևոր մասնակցությունը այս ծրագրին Գուսանի մի քանի ճանաչված երգերի նոտագրությունն էր, որոնք անհայտ պատճառներով դուրս էին մնացել Գուսան Աշոտի  երգարաններից /<<Եկ, ինձնից մի փախչի>>, <<Ես քեզ սիրահար>>, <<Հալվում, մաշվում եմ>>, <<Սիրամարգ>> և չկատարված <<Պելակին>> երգերը/:
          Այժմ` կայքի ստեղծման հետ կապված որոշ նկատառումներ:
          Մուտքի այս խոսքում նպատակ չի դրվել  բանախոսելու  Գուսան Աշոտի ստեղծագործությունը: Դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ կայքում տեղադրվել են գուսանի բոլոր գրքերի առաջաբանները,  հոդվածներ, թերթերի հատուկ թողարկումներ, տեսագրություններ, որոնցում անվանի գրողներ, գրականագետներ, արվեստագետներ, լրագրողներ շատ վառ գույներով ներկայացրել են մեծ երգահանի  արվեստը,  տվել են արժանի գնահատականներ:
          Կայքի <<222 կատարում>> անվանումը, անշուշտ, պայմանական է: Այդ թիվը փոխվել է մի քանի անգամ: 160 կատարումներ արդեն ճշտվել ու նյութերը հանձնվել էին համակագչային ծրագրավորման, երբ պարզվեց, որ դուրս է մնացել 50-60-ական թվականներին մեծ տարածում գտած երգերից մեկը, որը կոչվում  է <<Հուշարձան>>: /Դա <<Հուշարձաններ, հուշարձաններ>> երգը չէ. վերջինս գրվել է ավելի ուշ/: <<Հուշարձանը>> կամ ինչպես առաջին տարբերակում եղել է <<Աղբյուր հուշարձան>>, ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված գորիսեցիների հիշատակին  <<Յոթ աղբյուր-հուշարձանի>> կառուցման առիթով : Գրականագետ Հրանտ Թամրազյանը և գրող Սերո Խանզադյանը այն համարել են <<երգի մի սքանչելի կոթող>>:
                                  Նրանց արդար հոգիներից
                                  Բխում է սառ, զուլալ աղբյուր
                                  Ամեն անգամ ջուր խմելիս,
                                  Շրթունքներով կտանք համբույր:

          Փնտրեցինք ամենուր, սակայն երգի ոչ մի ձայնագրություն չգտանք: Փորձեցինք այն վերականգնել Գորիսում: Մեզ օգնության հասավ  79–ամյա Արկադի Մանուցյանը, որի հայրը`Սամսոն դային և ապա ինքը, նվագել են Գուսան Աշոտի հետ: Հին ու նոր երաժիշտներից ստեղծվեց նվագախումբ /տես`ֆոտոալբոմ/, և տղաները գործի անցան: Արդյունքում` Ա. Մանուցյանի կատարմամբ տեսագրվել և երգացանկում ավելացվել է <<Հուշարձան>>, <<Աչքդ լույս>> և Գորիսի բարբառով գրված <<Պելակին>> /քավորակին/ երգերը: Վերջին երկուսը կարելի է դիտել իբրև նոր կատարում, քանի որ երաժշտասերներին դրանք ծանոթ չեն: Գորիսյան համույթի աշխատանքի արդյունքում տեսագրվել է էլի մի քանի կատարում դուդուկահարներ, հայր ու որդի Արմիկ և Վլադիմիր Տոռոզյանների և Գուսան Աշոտի ազգական Արթուր Դադալյանի կատարմամբ: Շնորհակալության խոսք պետք է ասել նրանց և նվագախմբի մյուս մասնակիցներին` Սևադա Հովակիմյանին /ակորդիոն,  համույթի կազմակերպիչ/, քանոնահար Լուսինե Հայրապետյանին:
          Միայն նշվածով չի սամանափակվում մեր ընկերների օգնությունն ու աջակցությունը:  Ներկա կայքը ստեղծվել է ամիսների ընթացքում` Մոսկվա- Երևան- Գորիս-Կապան բազմաթիվ հեռազանգերի ու նամակագրության արդյունքում:  Շնորհակալություն եմ հայտնում կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրին, Սայաթ-Նովա աշուղական անսամբլի մենակատար, երգահան Մխիթար Քեթցյանին,  Գուսանի հայրենակիցներ Վլադիմիր Զադայանին, Գրետա Սահակյանին /Երևան/, Ժիրայր Մարտիրոսյանին,  <<Լաստ>>  հեռուստաընկերությանը /Գորիս/, <<Սյունյաց երկիր>> թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին /Կապան/, Գագիկ Ծատրյանին, Ալբերտ Տոռոզյանին, Էդիկ Մարդյանին, Սամվել Հովսեփյանին, Զինաիդա Դոլինյանին, Լյուդմիլա Խերունցին /Մոսկվա/  այս նախագծի իրականացման գործում ցույց տված աջակցության համար:
          Ուզում եմ առանձնակի նշել գործարար Վարուժան /Ֆելիքս/ Իսունցին /Մոսկվա/, որը սիրով կատարեց կայքի համակարգչային ծրագրավորման հովանավորումը:

   

          Վերջին մի քանի ամսվա ընթացքում Գուսան Աշոտը ինձ հետ էր: Հուշիկ-հուշիկ արթնանում էին մեր հանդիպումների պահերը,  ծնվում էր ափսոսանքի զգացում, թե ինչու ժամանակին ամեն ինչ չեմ արել` երկարացնելու կյանքիս այդ աստեղային ակնթարթները:

          Իմ կողքին ապրող Գուսանը իր օրրանի Ժայռաբերդի պես ամուր կանգնած էր Հայրենի հողում, բարձր էր իր ծաղիկները գույն-գույն նախշած Սյունյաց սարերի նման ու խոր էր իր երգած Հայոց երկրի խորունկ ձորերի պես: Նա  մաքուր,  զուլալ, վճիտ էր, ինչպես իր Իշխանա լիճը,  ու Խաչքարի աղբյուրի նման զանգակ-զանզակ հոսում էր նրա խոսքը: Թեև վաղուց արծաթված մազերով էր, բայց դեռ ապրում էր ասվածների աստծու`մոր կարոտը սրտում,  դեռ կանչում էր նրան Ակներ յայլան Դադալունց,  և միշտ հավատարիմ էր իր չորրորդ տաճարին`սիրուն` վարդավառին տեսած  սափորն ուսին  յարին: Նա ամենուր նույնն էր`տանը, փողոցում, քայլում էր հանգիստ, մտամոլոր, կարծես Կապույտ սարի կորցրած սրինգն էր փնտրում…

          Տարիներ են անցել, վաղուց չկա Գուսանը, բայց ինձ  թվում է, թե նա այստեղ է, իմ կողքին: Նա հավերժի ճամփորդ է դարձել,  իսկ այնտեղ`երկնքում,  փայլում է Գուսանի աստղը:

 Գագիկ Հայրումյան
Մոսկվա,
մայիս, 2013 թ.
e-mail: haga48@mail.ru

Հետադարձ կապ  /  Обратная связь