2010 թ. հրատարակված <<Հավերժություն>> երգարանի առաջաբանը և մի խումբ արվեստագետների խոսքը

/Կազմող` Արշալույս Դադալյան, մասնագիտական խմբագիրներ` Թովմաս Պողոսյան և Էլինար Շահեն, խմբագիր` Սեյրանուհի Գեղամյան, <<Գրաբեր>> հրատարակչություն, Երևան/:

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՄԻՏՎՈՂ ԵՐԳԵՐ

     Առանձնակի հետաքրքրությամբ ու հաճույքով սկսեցի աշխատել, երբ ինձ առաջարկվեց պատրաստել աշուղ Աշոտի 101 անտիպ երգերի համակարգչային շարվածքը։
     Աշուղ Աշոտի 101 անտիպ երգեր, որոնք հեղինակի կենդանության օրոք չէին տպագրվել, ոչ թե զիջում էին մինչ այդ տպագրվածներին, այլ պարզապես դուրս էին մնացել կամ գրվել էին այն ժամանակ, երբ պետությունը գրքեր գրեթե չէր տպագրում, և ի վերջո, Սյունյաց աշխարհի, սար ու ձորերի, սարվոր ու սիրահարի երգիչն արդեն տարիքն առել էր։
     Եվ ահա, վարպետի մահվանից տարիներ անց, նրա դուստրը՝ Արշալույս Դադալյանը, ում հայրը կտակել էր իր ամենամեծ գանձը՝ իր ստեղծագործութ- յունները, նախաձեռնեց դրանք հրատարակության պատրաստելու գործը։
      Այս ժողովածուի վրա աշխատելիս հնարավորություն ունեցա նաև ճանաչելու մի հրաշալի երաժշտի՝ Վալերի Գասպարյանին, որի ստեղծագործական կյանքի գուցե թե ամենահարուստ էջերից մեկն այն է, որ վերջինս մշտապես ոչ միայն ընկերակցելէ մեծ վարպետին, այլև՝ մեկիկ-մեկիկ թղթին է հանձնել այս երգերը։  Այսինքն նա ոչ միայն խորապես գիտի աշուղ Աշոտի ստեղծագործությունը, այլև՝ գիտի «Աշոտ» ստեղծագործողին։
     Աշուղ Աշոտի՝ երկրաշարժին նվիրված երգը չէին հասցրել ամբողջությամբ նոտագրել, այլ՝ ընդամենը, մի քանի շտրիխներով ֆիքսել էին՝ հետագայում գրառումն ամբողջացնելու հույսով։ Սակայն աշուղն այդպես էլ չհասցրեց լիարժեք ավարտել այն։ Նա հեռացավ կյանքից 1989թ. հունվարի 28-ին։
      ...Քսան տարի անց Վալերի Գասպարյանը մեկ շաբաթվա անքուն գիշեր-ներից հետո կարողացավ վերականգնել ու վերադարձնել այս երգի մեղեդին՝ ճշմարտացի ու հարազատ։
     Այսպիսին էր այն ժամանակահատվածը, երբ կազմվում էր աշուղ Աշոտի երգերի «Հավերժություն» ժողովածուն՝ ասես իր թելադրանքով և միջամտությամբ, նաև՝ իր խորհրդավոր ներկայությամբ։
     «Հավերժության» ժողովածուի 101 երգերը, նույնիսկ եթե որևէ նոր բան էլ չասեն աշուղ Աշոտի ստեղծագործության մասին, ապա միանշանակորեն կհարստացնեն հայ երգի գանձանակը։ Ժողովրդի սիրո երգիչը վերադարձնում է իրեն և իր ստեղծագործություններին ծնունդ տված երկրին ու ժողովրդին։

Լուսինե Նազարյան
Երաժշտագետ