ՍՈՎԵՏԱՀԱՅ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ

Մ. Թ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
/Հատված հոդվածից/

 

     ... Գուսան Աշոտի ստեղծագործության ամենանշանակալից ու բնորոշ գծերից մեկը արդիականությունն է։ Նրա երգերը արդիական են ոչ միայն նրանով, որ արձագանքում են օրվա հարցերին, այլև` իրենց կենսուրախ ու լավատեսական ոգով, խորապես ժամանակակից մեկնաբանություններով ու մտածելակերպով։ Ամենազանազան ժանրերին պատկանող նրա երգերի բովանդակության և հերոսների մտածելակերպի մեջ շատ ցայտուն կերպով նկատելի է սովետական մարդուն հատուկ ինքնավստահությունը, առողջ ու իրավացի հպարտությունը: Նույնքան ակնառու մի այլ ստեղծագործական յուրահատկություն է մոնումենտալիզմը, որն առկա է գուսան Աշոտի երգերում ստեղծված բնության լայն պատկերներում, նրա երգերի կերպարների հոգեկան մեծ դիապազոնի մեջ, նրա հայրենասիրական քաղաքացիական երգերի ճոխ ու հագեցված բովանդակության մեջ:


      Գուսան Աշոտի սիրո երգերում լրիվ հաղթահարվում է սիրո երգերի տրադիցիոն թախծոտությունն ու աղերսանքի ոճը, երաժշտության մեջ իշխում են ջերմ ու սահուն երգայնությունը և կամ կենսուրախ պարայնությունը։ Նրա ստեղծագործության մեջ սիրո թեմայի կողքին համարյա նույնքան նշանակայից տեղ է գրավում նաև հայրենասիրական թեման, որն իր բազմակողմանի մարմնավորումն է ստանում հեղինակի ծննդավայրին, սովետական մեր ծաղկող Հայրենիքին և հայ ժողովրդին նվիրված երգերում։


      Արտակարդ բազմերանգ գույներով հանդես են դալիս բնության պատկերները, որոնք ոչ միայն երգի կերպարներին համապատասխանող ֆոն-դեկորն են ստեղծում, այլև հաճախ նրանց հոգեբանական բնորոշման ու բացահայտման միջոցն են դառնում։ Լայնորեն օգտագործված են ժողովրդի կողմից ստեղծված պատկերավոր արտահայտությունները, որոնք մեծապես օժանդակում են երգերի բովանդակության խորացմանը, մտքի լակոնիզմին ու նպատակասլացությանը։


      Երաժշտական լեզվի առումով, գուսան Աշոտի հայրենասիրական երգերում իշխում է ջերմ քնարականության տարրը։ Դա ոչ միայն պայմանավորված է հեղինակի ստեղծագործական անհատականությամբ, այլև մեր արդիական հայրենասիրական երգերի ոճական յուրահատկություններից մեկն է («Երևան»)։ Գուսան Աշոտի ստեղծագործության յուրահատկություններից մեկն էլ այն է, որ նա հաճախ իր երգերի մեղեդիների մեջ տալիս է բնույթով տարբեր, երբեմն մեկը մյուսին հակադրվող ու լրացնող մի քանի տրամադրություններ ու երաժշտական կերպարներ («Ասա ինչու դու լուռ ես»)։ Երաժշտական լեզվի այս բազմերանգությունը հարստացնում է երգերի բովանդակությունը, դինամիկան ու հետաքրքրություն է հաղորդում նրանց։

(Պատմա-բանասիրական հանդես, 1963 թ.,№ 2):