<<Զանգեզուր>> շրջանային
թերթ 18 ապրիլի 1991 թ.

Ալվարդ Մեսրոպյան

 

 

Է Ս Ք Ի Զ

     Ժամանակի շունչը դարձած արվեստագետ է Գուսան Աշոտը։ «Ժամանակի շունչ» ասվածը միակողմանիորեն չպետք է ընդունել, այլ պետք է դիտարկել ժամանակ ընդհանուր հասկացության շրջանակի մեջ, քանզի Գուսանը մեծ էր ոչ միայն իր ապրած ժամանակաշրջանում։ Նրա ստեղծած գործերն այն վավերագրերն են, որոնց շնորհիվ նա պիտի հավերժի և յուրաքանչյուր ժամանակում կլինի նոր , կլինի տվյալ պահի բուն հոգին, էությունը և յուրաքանչյուր սերունդ նրան իր մեծ Գուսանը կանվանի։
      Մեր հայրենակից Գուսանի արվեստում վավերացված են հայ ժողովրդի գուսանական-աշուղական մշակույթի լավագույն ավանդույթները։ Դրանք երգարվեստի մեծերի կողմից ստեղծված ավանդույթների պատճենահանումը չեն, այլ հին, առողջ արմատի վրա աճած նոր տիպի ավանդներ են, որ զուտ Գուսան Աշոտին են պատկանում, որովհետև այնքան ինքնատիպ են, որ նրա ու մյուսների ստեղծածների միջև եղած սահմանը խիստ որոշակի է՝ մեղեդիական ու բանաստեղծական առումով։ Գուսանի յուրաքանչյուր ժողովածուն նրա ստեղծագործական որոնումների խոր հետք ն է կրում։ Երգից երգ, ժողովածուից ժողովածու ավելի խորն է ընդգծվում նրա անհատականությունը, մենաշնորհ, որ նրան իրավունք է վերապահել լինել Մեծ Գուսան և ոչ թե հավասարը հավասարների մեջ։ Սա ժողովրդի գնահատականն է։ Աշոտը և բանաստեղծ է, և երգահան։ Այս երկուսի համատեղ գոյության շնորհիվ է , որ նրա երգերի և տեքստերը և մեղեդիները ներդաշնակ են միմյանց։ Նրա երգերի կրկներգերը երբեք յուրաքնչյուր տոնից հետո նույնությամբ չեն կրկնվում, դրանք ունեն իրենց «հավելյալ» տողերը , որոնք բովանդակային նոր հնչերանգներ են տալիս երգին և ներքին տրամաբանությամբ ավելի զորեղ են դարձնում յուրաքանչյուր տան արտահայտած գաղափարը։ Ահա «Մեր առուն» երգը.

Էս առուն մեր տոհմազգի Խոտհարք սարից կբխի,
Տաղ կանչելով վար կիջնի , հանդ ու այգին կնախշի,
Իր ձայնից եմ ձայն առել, ջրահարսիս հետ խոսել,
Սերն ինձ տվեց, հեռացավ, ծով կարոտն ինձ կտանջի։
Թե երազ էր Նազելիս,
Հեզանազ էր Նազելիս,
Աստվածային պատկերով՝
Ջրահարս էր Նազելիս։

     Հաջորդ տոներից հետո կրկներգերը լրիվ նոր են։ Նրա երգերում կա նաև այնպիսի նորույթ՝ կապված կրկներգի հետ։ Կրկներգը յուրաքանչյուր տոնից հետո մասնակիորեն է կրկնվում. Նախավերջին երկու տողն արդեն լրիվ նոր է. «Սերն անհուն-անհուն» երգի առաջին տոնից հետո հնչում է այս կրկներգը.

Գարնան օրի լուսաբացին,
Հազար սիրո դուռ կբացվի,
Սերն անհուն -անհուն,
Հայ Գուսանի իղձը բարի,
Սուրբ օջախի մոմ կվառի,
Սերն անհուն-անհուն։

     Կրկներգի նախավերջին և դրան նախորդող տողերը յուրաքանչյուր տոնից հետո փոխվում են.

Հայ Գուսանի երազ ճամփին
Փուշն էլ անգամ կբացի,

     Սիրո մեծ երգիչ է Գուսան Աշոտը։ Նա մեկ «հմայվում է սիրո ծովում», քանզի «Սերը ծով է, ծուփ- ծփացող»։ Նա իր սիրուն անվանում է «թևավոր», «Աշոտին կանչող սրինգ»։ Նա վախենում է, դողում իր սիրո համար, հանկարծ «չարի շնչին չմնա»։ Նրա սիրո էակի «ճերմակ ծոցի նախշերը փունջ վարդեր են, նայվածքը եղնիկի հմայքներ են, հուր աչքերը բարձունքի կրակներ են»։ Եվ Գուսանը դեռ չխմած , արբում է նրա սիրով։ Սիրո գինն իմացող Գուսանն ասում է՝ Անարատ սեր պղծողի ճամփան քար ու կապան է։
      Գուսանը երգում է մորը, նրան «Արևի մայր է մայրը» անվանելով։ Հեշտ չէ նայել մոր արցունքներին, մրմունջ են տալիս Գուսանի հոգուն «մրմունջներից Գուսանի սիրտը տաղեր կքամի»։ Եվ քնարը լալագին երգում է.

Սիրտս ու հոգիս կթախծեն, կտխրեն ու կլացեն,
Ու մայր կանչեցի եղեգով, հեքիաթ դարձար հոգսերով,
Սրտիս հազար սեր տվիր, ու մնացիր մորմոքով։

     Մայրն արշալույսի բույրն է և Աշոտը աղոթքի մոմեր է վառում իր աստվածամոր համար։ Նա հոգու տուն է, հոգու աշխարհ և Աշոտը՝

Երկնի կաթով շաղախված կենաց երգեր եմ կապել,
Մայրիկ -մայրիկ, սուրբ հոգի, սիրո սափոր, նուրբ հոգի,
Ծանր վշտերը սրտի միայն մայրը կամոքի։

     Նա ասես մայրն ու հայրենիքը դնում է նույն կշեռքի նժարների վրա և հայրենիքը նրա համար «սուրբ մոր գիրկ» է։ Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը նրա համար. Լաստ սարի՞ց, որովհետև «Լաստը աշխարհ պահող մի սար է, լեռնահոգին հզոր է»։ Նա «սև քամիներ է ճամփել»։ Եվ որպես երդում հնչում են Գուսանի խոսքերը՝

Գնամ հանդ ու արտով լցվեմ, կակաչներով, վարդով լցվեմ,
Կարոտանքից աչքը բացեմ, մի կաթիլ էլ արցունք լացեմ,
Էս լույս ճամփան բռնեմ գնամ, լուսնի շողը գրկեմ գնամ,
Սարի ձայնը սիրուս տանեմ, աստղ դառնամ սարին մնամ։

     Եվ անմար աստղ դարձավ Գուսան Աշոտը։ Նրա քնարը երբեք կաղապարված չի եղել։ Նա երգ է ձոնել ամենքին, ամեն ինչին, երկիր մոլորակի մի նախշն անգամ աննկատ չի մնացել նրանից։ Երգել է հոգով, սրտաբուխ, ժողովրդական ակունքներից առնելով իր երգի հևքը , երգել է, և չի նկատել, թե տարիներն ինչպես անցան , երգել է, ժողովրդի վշտերն իր տաք սրտին առած, կյանքի հևքը, խոր իմաստը լավ իմացած։
      Գուսանը ուխտ ուներ, իղձ ու փափագ՝ սեղան, սփռոց պիտի բացեր Վանա ափին։
      Չտեսավ այդ։ Սակայն Գուսանը հավատով ապրեց «եղեգան փողի լուսո ձայներում, լեռների ծնունդ նրա հոգին վառվում է անհաս բարձունքում»։

Ուր հայոց բախտի աստղն է լողում,
Հավերժի գրկում լույսով օրհներգում,
Հույսով օրհներգում։

 

     «ԼԱՍՏԻ ԿԱԼԸ , ԼԱՍՏԻ ԼԱՆՋՆ Է ԱՉՔԻՍ ԴԵՄ»
      Ասում են, ինքս անձամբ չեմ լսել Գուսանն ու Սերո Խանզադյանը «վիճել են» այդ բարձունքն իրենց վերջին հանգրվանը դարձնելու համար։ Գուսանն ասել է. «Ես պետք է ապրեմ Սյունյաց սարերի մով բարձունքներում, որովհետև

Ապ ու պապիս յայլա սարն է աչքիս դեմ,
Կապին քոլը ըղձա քարն է աչքիս դեմ,
Խաչաղբյուրը, լեռնապարն է աչքիս դեմ։
Պապիս կերտած էն քարայրն է աչքիս դեմ,
Կյանքի քամին ուր էլ քշի, տանի ինձ,
Լաստի կալը, Լաստի լանջն է աչքիս դեմ։
Հուշեր-հուշեր կարոտի, հույզեր-հույզեր կարոտի։

     Վիճել են, ինչպես կվիճեն մեծերը։ Նեղացել են միմյանցից՝ Մեծավարի։ Հետո հաշտվել են Մեծավարի ու որոշել, ով առաջինը... Գուսանը գնաց։ Բարձունքին Գուսանը հասավ։ Նրա ոգին ամեն գիշեր բարձունքից հսկում է եդեմական այս քաղաքը։ Երբ քնած ենք, նրա ոգին թափառում է մեր քաղաքում՝ մեզ բարի-բարի երազներ բերում։ Եվ շշնջում է ոգին։ Աստված իմ, այս ինչ հրաշք աշխարհ է։

«Սոխակը վարդի թերթին է ննջում,
Փերին է իջնում լուսալարերով,
Ձորերը լցնում հրաշք խաղերով»։

     Քնած է քաղաքը։ Քնած չեն ֆիդայիները՝ Անդրանիկը, Քաջանց Սիմոնը...
      «Թիկունք-թիկունք, քաջանց տղերք, ու կրծքով ամուր պատնեշ արիք , որ ժանգ չառնեն արտ ու հանդեր»- Մեծավարի ասում է նա՝ ձեռքը հայրաբար դնելով նրանցուսին։ Բարձունքից ներքև բանուկ ավտոճանապարհն է։ «Անցորդին սրտի ձայնիկն է տալիս խոհերով լեցուն» Մեծ Գուսանը ու ծով-ծով մաղթանք՝

Բարին ձեզ հետ տուն եկեք, կարոտով լի ճամփաներ,
Քարերից երգ հյուսելով անցեք քարե կածաններ,
Ես էլ յարիս կանչով գամ, ամպերը ծով չկապեն,
Գալու ճամփան չշեղեք, չընկնեք քար ու քարափներ։
Գարնան շնչին շող ասեմ, թուխ ամպիկին տաղ ասեմ,
Սերս որտեղ ոտ ածի, էն ճամփեքին տաղ ասեմ։

     Բարձունքից ներքև բանուկ ավտոճանապարհն է։ Մարդիկ իջնում են մեքենայից, երկյուղածությամբ բարձրանում վերև...համբուրում գերեզմանաքարը և մաքրված հոգով շարունակում ճանապարհը։


      Սուրբ-Սուրբ
      Ուսուցչի տան մոտ գտնվող այս փոքրիկ անկյունը սուրբ-սրբոցն է գորիսեցու։Այստեղ է մեծանուն Գուսանն ամեն անգամ դնդնել իր նոր երգը։ Այս քարերը Գուսանի շունչն են պահում։ Գուսանի ձայնն են պահում։ Եվ խոսքերը։ Եվ ժպիտը։ Եվ հոգու խորությունն ու իմաստալից զրույցները։ Խոհը։ Սոսկ քարեր չեն նրանք։ Գորիսեցու ապրելու թալիսմանն են։ Երբ հուսահատվում է նա, երբ գալիքի երազները պատառ-պատառ են դառնում անարդարության վիրուսից, երբ անհուն ցավից կուչուռվում է նրա մեջքը, գալիս է այստեղ, մեջքը հենում պատին։ Պատը տաք է։ Քարե պատը տաք է։ Քարն ուժեղ է, դյուցազնական ուժ ունի ամբարած իր մեջ։ Բարություն կա նրա մեջ։ Եվ համբերություն։ Եվ սրբացած, և առնականացած նա շտկում է մեջքը և ինչպես մի հզոր կաղնի ՝ գալիքվելու ընձյուղները եռագույն դրոշ դարձած՝ քայլում է հավերժի ճամփով։
      Այս անկյունը գորիսեցու խոստովանատեղին է։ Երբ անթափ բերկրանքից ցնծում է նրա հոգին, երբ սիրուց արբեցած «ծով աստղիկին» է ուզում հանդիպել , գալիս է այստեղ՝ խոստովանանքի, սուզվում տիեզերականի, անհունի,հավերժի մեջ։ Եվ խոսում է Գուսանի ոգին։
«Զանգեզուրի չոր չոլերը ծաղկալ են»։ Սա Գուսանի Զանգեզուրն է։ Նաև իմը, քոնը, նաև նրանը, որ պիտի ծնվի մեկ միլիոն , մեկ միլիարդ տարի հետո։

«Աշկ ենք պացալ, շափաղ առալ էս ծորան,
Սեր ենք առալ, շափաղ առալ էս ծորան,
Սաս սասի տանք , սրտեր պանանք կուրունքվա տրես,
Հազար սրտիխաղ եմ կապալ էս ծորան։
Հռանանք վըեչ մըերնխաշարար էս ծորան։
Հռանում չենք, Գուսան։
Այլ ...Հեռվից գալիս են որդիքը Զանգեզուրի։ Այստեղէ նրանց մանկությունը։ Գալիս են իրենց սիրո տան դուռը։
Լսում շշնջոցդ, Գուսան։

«Դուռն եմ բացել զարթոնքի, որ հոգս ու վիշտ ամոքեմ,
Որ իմ սիրո ճրագով հազար խարույկ բորբոքեմ»։
Եվ բորբոքված խարույկից անկախության կայծեր են հիմա ճառագում, Գուսան։

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ