2010 թ. հրատարակված <<Հավերժություն>> երգարանի առաջաբանը և մի խումբ արվեստագետների խոսքը

/Կազմող` Արշալույս Դադալյան, մասնագիտական խմբագիրներ` Թովմաս Պողոսյան և Էլինար Շահեն, խմբագիր` Սեյրանուհի Գեղամյան, <<Գրաբեր>> հրատարակչություն, Երևան/:

 

 

 

 

ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԲԱՐԻ ԾՆՈՒՆԴԸ

     Սյունյաց անառիկ լեռների զուլալ, կարկաչուն աղբյուրների, հազարագույն, հազարաբույր ծաղիկների, անուշ հովերի ծնունդն է Աշուղ Աշոտը։
     Նրա երգերի մեջ արծիվների ճախրանքն է ու եղնիկների նազանքը։
     Դեռ մանկուց իրեն տեսել է հոգու հայելում, ու երազում Աստված նրան տվել է ապագա աշուղի սիրո գինով լցված ոսկե թասը։
      Աշոտը աշուղի ընդհանրական կերպարի մեջ այնպես է բնորոշել ինքն իրեն, ինչպես չի կարող՝ որևէ մեկը.

Աշուղն էն է՝ սառ ջրի պես հովացնի սիրտը մարդու,
Գարնան քնքուշ ծաղիկների բույրով լցնի սիրտը մարդու,
Երգով, կյանքով ծառա լինի իր հայրենի հողին, ջրին,
Առատ տարվա հացի նման լիացնի սիրտը մարդու։

     Նրա համար թանկ ու նվիրական են իր «ուսուցիչները»՝ Սայաթ-Նովան ու Ջիվանին։
     Աշոտը բարու, գեղեցիկի ու խաղաղության երգիչ է, սակայն նրա երգերի առանցքը սերն է.

Աշուղ եմ ես քո սև-սև աչերիդ...

     Առանձնակի հոգեհմա հուզականություն կա ու անհատակ խորություն մոր թեմայով գրված երգերի մեջ.

Լույսի նման, հույսի նման սրբազան...
Կյանքի նմամ թանկագին է մոր սերը...

     Խորհրդային տարիներին փարվելով իր անդավաճան ընկերոջը՝ քյամանչային, նա այլաբանորեն այսպես դիմեց Ղարաբաղին.

Ա՜խ, սիրուն եղնիկս մի` գնա, մի` գնա,
Ա՜խ, դրախտ օրրանդ մի` թողնի, մի` գնա։

     Հայ աշուղական արվեստի հարուստ անդաստանում իր ծանրակշիռ տեղն ունի Աշուղ Աշոտը։ Նրա երգերը ուղեկցել են, ուղեկցում են և կուղեկցեն մեր ժողովրդին հավերժորեն։

Թովմաս Պողոսյան

«Սայաթ-Նովա» աշուղական, երգի վաստակավոր
անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր