2010 թ. հրատարակված <<Հավերժություն>> երգարանի առաջաբանը և մի խումբ արվեստագետների խոսքը

/Կազմող` Արշալույս Դադալյան, մասնագիտական խմբագիրներ` Թովմաս Պողոսյան և Էլինար Շահեն, խմբագիր` Սեյրանուհի Գեղամյան, <<Գրաբեր>> հրատարակչություն, Երևան/:

 

 

 

 

ՎԱԼԵՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏ... ԽՈՆԱՐՀԱԲԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՔԵԶ

     Ավելի քան երեսան տարի ես որդիական նվիրվածությամբ համա­գործակցել եմ Մեծն աշուղ Աշոտի հետ՝ նպատակ ունենալով օգ­տակար լինել նրա հոգեզմայլ երգերի գրառման պատվավոր գործին։ Դեռես մի քանի երգ գրառելուց հետո սկսեցի ոչ միայն լսել, այլև՝ տեսնել հայ գուսանի, Հայր գուսանի մեղեղիները, որոնցում վառ ուրվագծված են նրա շռայլ, բայց նուրբ ու զուսպ սերը դեպի հայրենի եզերքը, նրա անն­ման բնաշխարհը, հայոց ընտանիքը, հերոսահայրենասիրական մեծ ոգին։ Նրանցում հատուկ կերպավորված են Սյունյաց աշխարհն իր գեղեցկութ­յամբ, նրա ժողովրդի բարքերով ու սովորություններով, նրա՝ բարբառով։
      Գուսան Աշոտը պահանջկոտ էր հատկապես իր նկատմամբ այնքանով, որպեսզի ամեն մեղեդիական հյուսվածք լինի անթերի, կատարյալ և կատարողական տեսակետից խոսուն ու հոսուն։ Երգի լիարժեք շարադրման հասնելու համար նա գրեթե միշտ ստեղծագործում էր գիշերները, իսկ անհրաժեշտության դեպքում մեր համագործակցությունը լրացվում էր հեռախոսակապով։ Երբ դրսում էր, մարդկանց հետ, դարձյալ դնդնում էր, հորինվածքները շտկում, վերլուծում և վերջնական տեսքի բերում։ Սրա շնորհիվ է, որ մեծ երգահանի երկերը հորդուն են ու հոսուն, անմիջական և հուզիչ։
      Ինչքան հեռանում են տարիները, այնքան խորանում են հայ գուսանի ստեղծագործական մտքի արմատները` ամուր գգվելով մայր հողին:
      Հայ աշուղական դպրոցի դարավոր պատմության մեջ Աշոտը յուրահա­տուկ հանճարով և անկրկնելի ուժով ներկայացավ որպես վառ անհատա­կանություն՝ իր հետ բերելով աշուղական մտքի սքանչելի նոր դպրոց։ Նրա գայթակղիչ երգերը գլխավոր տեղ զբաղեցրին հայ երախտավոր երգիչ–երգչուհիների կատարողական ցանկերում, որոնց ինտո­նացիաներն այսօր էլ զմայլում են ունկնդրին. Օֆելյա Համբարձումյան, Հավհաննես Բադալյան, Ռուբեն Մաթևոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Թովմաս Պողոսյան...
      Աշուղ Աշոտի ներկա ժողովածուն իր նախորդող՝ «Գուսանի սերը», «Սիրո կրակները», «Ծովաստղիկս» և մյուս երգաշարերի տրամաբանա­կան շարունակությունն է, որը նա առավել տրամաբանորեն վերնագրել է «Հավերժություն», ինչը հենց ամփոփումն ու հաստատումն է սիրո մեծ հավերժող եր­գահանի բոլոր կտավների հավերժող գոյությանը։
      Դեպի դարերի հավերժությունը գնացող Գուսան Աշոտի երգերը մշտապես կհագուրդեն ժողովրդական լայն մասսաներին, կատարողներին և ունկնդիրներին։ Նրա երգերն ու մեղեդիները զմայլանքով կուսումնասիրեն երաժիշտ-երաժշտագետները՝ նրանցում բացահայտելով երգահանի հայ ազգային լադո-ինտոնացիոն նուրբ և խորը ձեակերպումները, մեղեդիական մտքի, ձևի ու ծավալների, գրական և երաժշտական հնչյունների, վանկերի, հանգերի կատարյալ համադրման ինքնատիպ բարձր մշակույթը։
      Գուսան Աշոտի երգերը ընդմիշտ կապրեն որպես հոգևոր հավերժական զուլալ աղբյուր, որից սերունդները կսնվեն ու նորից կծնվեն հայերեն։
      Գուսանը չգրեց կարապի երգ, այլ գրեց հավերժի երգ և հավերժացավ իր երգերի հետ։
      Կարևորում եմ նոր երգարանի նոտաների համակարգչային շարվածքի նորույթը, որը  բարեխղճորեն կատարել է երաժշտագետ Լուսինե Նազարյանը:
      Եղբայրական խորը զգացումով հատուկ շնորհակալությունս եմ հայտ­նում Գուսան Աշոտի դուստր Արշալույս Դադալյանին, ով ինքնամոռաց ու պրպտուն նախաձեռնությամբ իրականացրեց այս չափազանց անհրա­ժեշտ հրատարակությունը:

Վալերիկ Գասպարյան

Խ. Աբովյանի անվան. Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի խմբավարության և ձայնագրման ամբիոնի դասախոս