2010 թ. հրատարակված <<Հավերժություն>> երգարանի առաջաբանը և մի խումբ արվեստագետների խոսքը

/Կազմող` Արշալույս Դադալյան, մասնագիտական խմբագիրներ` Թովմաս Պողոսյան և Էլինար Շահեն, խմբագիր` Սեյրանուհի Գեղամյան, <<Գրաբեր>> հրատարակչություն, Երևան/:

 

 

 

 

ԷԼԵՆԱՐ ՇԱՀԵՆ

ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԾ ԵՐԳԻՉԸ

     Հայկական ուշ միջնադարում եկեղեցական արվեստի և հոգևոր տաղերգությանն զուգընթաց, առանձնակի տարածում ստացավ աշուղական երգաստեղծությունը։ Հայ աշուղները, շնորհիվ իրենց տաղանդի և արհեստավարժության, հայեցի մտածողության և ազգային ուրույն երաժշտական լեզվամտածողության՝ զարգացրին, աճեցրին աշուղական արվեստը՝ դարձնելով հայոց մշակույթի բաղադրիչ հիմքերից մեկը։
     Կ. Երզնկացուց մինչև Նաղաշ Հովնաթան, Սայաթ-Նովայից մինչև Ջիվանի, Շերամից մինչև 20-րդ դարի, ինչպես հանճարեղ Հովհ. Շիրազն է բնութագրել՝ Եռաստղ Համաստեղություն՝ Հավասի, Շահեն և Աշոտ, հազարավոր հայ աշուղներ են ապրել և ստեղծագործել, սակայն միայն ընտրյալ տաղանդների շնորհիվ էր, որ ունեցանք դասական աշուղական դպրոց, որոնց թիվը մեկ ու կես տասնյակը չի գերազանցում։ Դասական աշուղների ցուցակի եզրափակողները դեռևս մնում են Եռաստղ Համաստեղության ներկայացուցիչները։
     Աշուղ Աշոտի հասուն շրջանում գրված երգերի (ծորուն և քնարական մեղեդիներով) տեսակը հիմք դրեց մի նոր դպրոցի, և հիրավի ունեցավ շնորհալի և արժանի հետնորդներ։
     Վարպետն առանձնակի, գերբնական ուժով կապեց մարդ-արարածին բնությանը և Աստծուն։ Յուրաքանչյուր երգի տողերի «խորքում» իր ներաշխարհն է, որտեղ միմյանց ձուլվել և շաղախվել են Սյունյաց բնաշխարհը, սյունեցի մարդն՝ իրեն հատուկ էությամբ և բնավորությամբ։
     Լինելով աշուղ Աշոտի գործընկերոջ և ինչպես ինքն էր ինձ անվանում՝ ախպեր Շահենի և կուրսեցի Քոչարունց Ռոզայի դուստրը, առանձնակի վերաբերմունքով և հոգատարությամբ ստանձնեցի մեծ Վարպետի անտիպ հարյուր ու մեկ երգերի տեքստային և նոտային խմբագրությունը։ Հայ դասական աշուղական դպրոցի փայլուն ներկայացուցիչ աշուղ Աշոտի այս գրքում տեղ գտած երգերը ևս մեկ անգամ հավաստում են նրա մուտքը դեպի Էմինյան Հավերժի ճանապարհը։ Խոնարհաբար ասում եմ. «ճանապարհդ բարի, մե՛ծ վարպետ, հորեղբա՛յր, աշո՛ւղ Աշոտ»։

էլինար Շահեն

Կոմպոզիտոր, աշուղագետ, երաժշտագետ- տեսաբան