2010 թ. հրատարակված <<Հավերժություն>> երգարանի առաջաբանը և մի խումբ արվեստագետների խոսքը

/Կազմող` Արշալույս Դադալյան, մասնագիտական խմբագիրներ` Թովմաս Պողոսյան և Էլինար Շահեն, խմբագիր` Սեյրանուհի Գեղամյան, <<Գրաբեր>> հրատարակչություն, Երևան/:

 

 

 

 


Ռուբեն Մաթևոսյան

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

     Քսաներորդ դարի հայ երաժշտաշխարհը ներկայացնող նվիրյալ անունների կողքին վեր է հառնում դարի և աշուղական արվեստի խոշորագույն ռահվիրաներից մեկի՝ Աշուղ Աշոտի պայծառ անունը։ Անուն, որի հեղինակած երգերի ղողանջները հողեղեն ու հարազատ են հայի հոգուն։ Աշոտ երևույթի յուրաքանչյուր նոր երգի հնչեցումը տոն էր հայ երաժշտասերի համար։ Եվ պատահական չէ, որ այսօր էլ «Բարի հայրիկի» երգերը շարունակում են ծաղկել հայության շուրթերին։
     Անկարելի է անհաղորդ մնալ Աշոտի ստեղծագործություններն ունկնդրելիս և չներթափանցել սիրո տվայտանքով ու հայրենասիրությամբ թրծված այն ներաշխարհը, ուր ինքը՝ հեղինակն է պարզում գուսանի իր էությունն իբրև խորիմաստ ներհայացք։

Գուսանն էն է՝ սառ ջրի պես հովացնի սիրտը մարդու,
Գարնան քնքուշ ծաղիկների բույրով լցնի սիրտը մարդու,
Երգով, կյանքով ծառա լինի իր հայրենի հողին, ջրին,
Առատ տարվա հացի նման լիացնի սիրտը մարդու։

Գուսանն էն է՝ որ իր խոսքով կրակի պես մեղմի ցուրտը,
Ուրիշների կսկիծը լա, իրեն համար սեղմի շուրթը,
Վհատ սրտին հույս ներշնչի, փարատելով մուժն ու մութը,
Բլբուլի պես անուշ երգով քնքշացնի սիրտը մարդու։

     Աշոտն այս երգը հյուսել է խոսքի պոետիկայի և մեղեդու երաժշտական կառուցվածքի օրինաչափ զարգացմամբ, որն էլ անշուշտ նրա ստեղծագործութ-յունների ընկալման և ճշգրիտ հնչեցման բանալին է։
     Որպես երգիչ՝ հավերժ երախտապարտ եմ նրան կատարմանս վստահած այն մի քանի երգերի համար, որոնք հնչեցին աշխարհի լավագույն բեմահարթակներից և արժանացան թե՛ օտար՝ խստապահանջ երաժշտագետների բարձրագույն գնահատականին, և թե՛ հայ երաժշտասեր հասարակայնության բուռն ծափահարություններին. «Հայրիկ», «Քնքուշ վարդ», «Յար, առանց քեզ», «Հով գիշեր, զով գիշեր»...
     Եվ այսօր, երբ իմ առջև Աշուղի 101 անտիպ ստեղծագործություններից կազմված ժողովածուի ձեռագիր օրինակն է դրված, ու ինձ բախտ է վիճակվել «գնահատել» վարպետին, ես պարզապես ակնածանքով ծանոթանում եմ դեռ երբեք չհնչած երգերի նոտագրություններին և ներքուստ հպարտանում հեղինակի անչափելի տաղանդը վերստին ըմբոշխնելու համար։ Աշոտն անկասկած մեղեդահյուսման մեծ վարպետ էր, և այսօր էլ նրա երգն ապրում է ժամանակի մեջ:
     Հեղինակի այս նոր երգաշարում առանձնահատուկ տեղ ունի մայրական թեման, որ ներկայացնում է «Մայրիկ-մայրիկ», «Իմ անուշ մայրիկ», «Մոմեր վառեմ մոր ճամփին», «Յոթ երգ», «Աստվածների աստվածն ես» երգերով։
     Ուշագրավ է հայրենասիրական թեման, որն առավել րնդգծված է «Իմ քաղաք Շուշի», «Ծով ու ծովակ ձայն տվին» և «Իմ հայեր» հրաշալի երգերում։
     Աշուղի ստեղծագործելուն նպաստող կարևորագույն խթանը եղել և մնում է սիրո անվերջանալի թեման, որ այնպես վառ արտահայտվել է «Իմ ծով սեր» երգում, ուր զգացվում է նրա գրչին հատուկ մեղեդու զարգացման օրինաչափությունը, ներքին լարվածությունն ու կրակոտ դրամատիզմի զուսպ պոռթկում, երբ գրված է՝

Ես ծնվել եմ վառ գարնան վրանի տակ երկնքի,
Չի դադարի, չի հոգնի սիրաթևիկ իմ միտքը։

     Ընթերցում ես «Չորրորդ տաճարն իմ սիրո» չքնաղ երգը և զարմանում, թե ինչպիսի մեծ վարպետությամբ է նա խառը չափերը օրգանական համադրությամբ միահյուսել և ստեղծել յուրօրինակ մի ստեղծագործություն, որ քեզ թվում է՝ գուսանական գրելաոճը նույնանում է քաղաքատիպ ֆոլկլորին։ Ընդամենը թվում է՝ որովհետև պետք է քաջ գիտակցել, որ Աշոտը կատարելապես էր տիրապետում մեղեդահյուսման բոլոր կանոններին և ուղղություններին։
     Ժողովածուում կան երգեր, որոնցում աշուղ Աշոտը դիմել է նախկինում իր իսկ կողմից հորինված և այսօր երաժշտասեր լայն հասարակայնությանը ծանոթ երաժշտական դարձվածքներին, ինքն անշուշտ հավաստում է նրա երգաստեղծման նախասիրությունն ու ինքնատիպ ոճը։ Ժողովածուում այդպիսի երգի օրինակ է «Անձրև կենարարը»։
     Կարծում եմ սույն ժողովածուի տպագրությունը նոր խթան կհանդիսանա երիտասարդների ինքնագիտակցության ձևավորմանն ի նպաստ։ Կհարստացնի երգիչ-երգչուհիների երգացանկը և կդառնա դասագիրք՝ բոլոր նրանց համար, ովքեր անկեղծ ցանկություն կունենան առնչվել իսկական հայկական աշուղական արվեստին։

Ռուբեն Մաթևոսյան

Հանրային ռադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար,
ՀՀ ժողովրդական արտիստ