2010 թ. հրատարակված <<Հավերժություն>> երգարանի առաջաբանը և մի խումբ արվեստագետների խոսքը

/Կազմող` Արշալույս Դադալյան, մասնագիտական խմբագիրներ` Թովմաս Պողոսյան և Էլինար Շահեն, խմբագիր` Սեյրանուհի Գեղամյան, <<Գրաբեր>> հրատարակչություն, Երևան/:

 

 

 

 


Արշալույս Դադալյան

ԱՇՈՒՂ ԱՇՈՏԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՔՆԱՐԸ

     20-րդ դարի նշանավոր աշուղներից է Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի և ԽՍՀՄ գրողների ե կոմպոզիտորների միությունների անդամ աշուղ Աշոտը (Աշոտ Հայրապետի Դադալյան)։ Ծնվել է 1907թ. ապրիլի 12-ին (25) ծաղկածիծաղ Զանգեզուրի զարդ Գորիս քաղաքում։ Ծնողները նրան կնքում են Տաթևի վանքում և անվանակոչում Աշոտ։
     Հայրը՝ Հայրապետը, ռանչպար էր, ճանաչված որմնադիր։ Հայրապետը նաև լավ երգում էր։ Աշոտի մայրը՝ Դիցուհին, հարուստ տոհմի դուստր էր։ Նա նույնպես լավ ձայն ուներ։ Մայրը փոքրիկ Աշոտի համար օրորոցային էր երգում, իսկ փոքրիկը դնդնում էր մոր հետ։ Գուսանի մանկական հիշողությունների մեջ մնացել են մոր օրորոցայինները։
     Շատ վաղ՝ յոթ տարեկան հասակում տղան կորցնում է մորը։ Հետագայում այդ կորուստը մի տեսակ տխուր երանգ է տալիս նրա քնարին։

Մայր իմ բարի, խաչհանեցիր օրհնանքով,
Ու փակեցիր քո աչքերը մունջ քնով,
Այն օրվանից սիրտս ավեր բույն մնաց,
Բարի հոգիդ ինչո՞ւ թռավ ու գնաց։

     Մոր կորստից հետո հայրը փոքրիկ Աշոտին վերցնում է հովվություն անելու Զանգեզուրի հիասքանչ սարերում։ Բնության գրկում էլ նա ստանում է առաջին երաժշտական կրթությունը։ Հովիվներից սովորում է սրինգ նվագել։
     1920 թվականին իր ավագ եղբայր Տիգրանը Աշոտին տանում է Բաքու։ Այստեղ նա ստանում է միջնակարգ կրթություն։ Մի անգամ պատանի Աշոտի երազին երևում է անմահ Սայաթ-Նովան և նրան նվիրում իր քնարը՝ քամանչան։ Այս երազն էլ դառնում է նրա ճակատագիրը։ Նա տիրապետում է քամանչա նվագելու վարպետությանը և բռնում աշուղ լինելու իր ուղին։

Երազիս մեջ Սայաթ-Նովան եկավ ոսկե սազ նվիրեց,
Անմահական գինով լիքը՝ եկավ ոսկե թաս նվիրեց,
Ասաց՝ գնա երգի ճամփով, սիրո ճամփով,
Այն օրվանից ասես նա` ինձ իր սրտից մի մաս նվիրեց։

     Նրա ներշնչանքի ակունքներն են հայ մեծանուն հանճարները՝ Քուչակ, Նարեկացի, Նաղաշ Հովնաթան, Սայաթ-Նովա, Ջիվանի, Շերամ և շատ շատերը։
     Աշոտն իր ստեղծագործական առաջին քայլերից մինչև կյանքի վերջը երգել է սերը, բնությունը, մարդ-էակին, մարդկային բոլոր կարևոր զգացումները, դառնալով հայ գուսանական և աշուղական արվեստի երևելի դեմքերից մեկը։
     Հետաքրքիր են նրա Զանգեզուրի բարբառով գրված երգերը, որոնք շատ հարազատ են հայրենակիցներին։

Հարա՜յ են տամ, ինձ կանչում Ակներ յայլան Դադալունց,
Յայլաների աչքն ա Ակներ յայլան Դադալունց,
Տյու ժառանգն ես Դադալունց, տյու օրհնանքն ես Դադալունց,
Սերդ քամի, երգ ըրա, տյու Աշոտն ես Դադալունց։

      Մահից 2 ամիս առաջ լույս տեսավ նրա «Լեռները կանչում են» ժողովածուն՝ առանց նոտաների, որը հիմքն է սույն՝ «Հավերժություն» խորագրով ժողովածուի։
     Աշուղ Աշոտն իր մահկանացուն կնքեց 1989թ. հունվարի 28-ին Երևանում։ Նրա մարմինն ամփոփված է Գորիս քաղաքի Լաստ սարի դիմացի բարձունքում։ Դա նրա ցանկությունն է եղել։ Հայրենակիցները հոյակապ հուշակոթող են կառուցել, որը տեսանելի է քաղաքի բոլոր պատշգամբներից։ Քաղաքի կենտրոնում 2005 թվականին կանգնեցվեց նրա մարմարյա կիսանդրին (գործ՝ Գետիկ Բաղդասարյանի)։ Աշուղն իր անբաժան քամանչան գրկած՝ հավերժ հայրենակիցների հետ է։

Արշալույս Աշոտի Դադալյան
Աշուղ Աշոտի դուստրը
2008թ.