2004 թ. հրատարակված << Սյունյաց սարեր>>

բանաստեղծությունների ժողովածուի

/երգերի ընտրանի/ առաջաբանը

/ Երևան, խմբագիր` Լևոն Փարեմուզյան/:

 

Հարատև մեղեդի



     Էդուարդ Զոհրաբյան        Մարտին Զիլֆուղարյան

     ժայռերի մեջ կորած, մթին ու խոնավ քարանձավից մինչև օպերայի լուսավոր ու շքեղ դահլիճ, դառը որբությունից մինչև համաժողովրդական համբավ, հազիվ գրաճանաչ գառնարածից մինչև բանաստեղծի բարձր անուն։ Ահա այն մեծ, դժվարին ու փառավոր ճանապարհը, որ անցել է ժողովրդի ծոցից ծնված, նրա կողմից սիրված մեծատաղանդ երգիչը, քնքուշ երգահանն ու խոհուն բանաստեղծը` Գուսան Աշոտը։
     Անուններ կան, որոնք հաստատուն արմատներով ժողովրդի սիրտն են մտնում` հարյուրամյակներ շարունակ նրանից դուրս չգալու: Այդպիսին է մեզանից երեք հարյուր տարի առաջ ապրած մեծն Նաղաշ Հովնաթանը` մարդկային վեհ արժանապատվության, պայծառ ու անթառամ սիրո այդ սքանչելի երգիչ-բանաստեղծը։
     Այդպիսին է մեր պոեզիայի մեծ գագաթներից մեկը, մեր արվեստն անեղծ գույներով ու բույրերով շքեղացրած Սայաթ-Նովան։ Այդպիսին են հայ ժողովրդի ձախորդ օրերի վերջանալուն սպասող, նրա հանդարտ ապագային հավատացող աշուղ Ջիվանին, սիրո քնքուշ երգիչ Շերամը։ Այս անուններն անմահ են, հարատևող։ Այս մեծերի լուսավոր ճանապարհն է բռնել մեր լեռների դարավոր ծալքերում ծնված, ժողովրդի հարազատ զավակ, մեծատաղանդ աշուղ Աշոտը` իր մեծ նախնիների արժանավոր հետնորդը։ Չկա մի տուն, մի շուրթ ու ականջ, որտեղ չլինի նրա խոր մարդկային ու խորապես հուզող երգը։
     Գուսան Աշոտի մանկությունն ու պատանեկությանը, նաև հասուն ու իմաստնացած տարիները, հիմնականում անցան իր հայրենի Զանգեգուրում, իր ծննդավայր Գորիսում։ Հենց իր հարազատ երկրամասին էր նվիրված նրա առաջին երգը, որը եղավ նրա ստեղծագործական բուռն վերելքի նախաբանը.

«Զանգեզուրի չոր չոլերը ծաղկալ են,
Յարիս օբան հենա կանանչ սարումը ...»:

     Սա մի հիանալի երգ էր, որով էլ նա հանձնեց իր անդրանիկ մեծ քննությունը` մասնակցելով ժողովրդական ինքնագործունեության հանրապե-տական փառատոնին, ու արժանացավ առաջին մրցանակի։
     Դա երեսնական թվականներին էր։ Այդ տարիներին երիտասարդ Աշոտը հրապուրված էր զանգեզուրցի, Սյունյաց աշխարհի այն ժամանակվա հայտնի աշուղ Աթայով։ Սակայն հետո նա ուսումնասիրեց հայ դասական գուսաններ Սայաթ-Նովային, Ջիվանուն, Շերամին, ինքն ստեղծեց իր հմայիչ, ինքնատիպ երգերը, որոնք հնչեցին ռադիոյով ու տարբեր բեմերից։ Իսկ այնուհետեւ Վ. Նորենցի խմբագրությամբ լույս ընծայվեց նրա ստեղծագործությունների առաջին փոքրիկ գրքույկը, ապա «Գուսանի սերը» վերտառությամբ հիանալի ժողովածու հրատարակվեց Սերո Խանզադյանի խմբագրությամբ։
     1974 թ. լույս ընծայվեց «Սիրո կրակներ» նոտագրված ստեղծագործությունների ժողովածուն, որտեղ տեղ են գտել տաղանդաշատ գուսանի հարյուր տասը երգերը։
      Նրա այդ և հետագա ստեղծագործությունները մեծ ժողովրդականություն վայելեցին, դարձան բոլորի սեփականությունը։ Այդ ստեղծագործությունների առանցքը սերն է, գեղանիստ սարերի հեզանազ եղնիկը, հայրենասիրությունը։
     Դրանք աչքի են ընկնում ճշմարտությամբ, հոգեկան խորությամբ, անկեղծությամբ, հարուստ են պատկերային հրաշւպի զուգորդումներով, անսպառ կենսասիրությամբ ու քնարականությամբ։ Նրա երգերի յուրաքանչյուր բառը, թեկուզ առանց երաժշտության, ձգող է, ունի բանաստեղծական ուժ։ Գուսան Աշոտի տաղերի աղբյուր են հանդիսացել <<Հովիվների սրինգների ձայնն անուշ>>, <<Ձյուն հագած էն սարերը>>, <<Մահը վանող պինդ վահան մոր սերը>>։ Նա մի առանձին գովեստով է երգում <<անարմատ չարի սերմը բույն չդնող>> հայրենի Զանգեգուրն ու Հայաստանը, որոնցից քաղել է իր երգի սնունդը։ <<Սյունյաց սարեր>>, <<Հազար օրհնանք>>, <<Սերս վանքում Տաթևի>>, <<Օջախում>> ...
      Սրանք եւ հայրենի Հայոց տան մասին գրված ուրիշ տաղեր լցված են խորը ներշնչումով, մեծ հետաքրքրություն են ներկայացնում ցույց տալով հեղինակի տաղանդի բացառիկ ուժն ու փայլը։
     Առանց սիրո կյանքը միգամած վիշտ է, այսպես է գտնում Գուսանը։ Սայաթ-Նովայի նման նա երգում է սերը, «յարի բույրն ու համբույրը».

«Հազար դրախտ Աշոտիս տան,
Յար, առանց քեզ ինչի՞ս է պետք ...»:

     Գուսան Աշոտի տաղերում մեծ տեղ է հատկացված մայրական սիրուն։ Նա տասնյակ երգեր է գրել մոր մասին, որոնցից մեկը, որ նա ստեղծել է դեռևս իր երիտասարդ տարիներին, մինչեւ այժմ էլ իր հաստատուն տեղն ունի ժողովրդի սրտում.

«Լույսի նման, հույսի նման սրբազան,
Կյանքի նման թանկագին է մոր սերը...»։

     Վարպետի երգ ու քնարի մեջ ցայտուն են ազնվությունն ու մտերմությունր։ Հենց ինքը` Գուսանը, այդպիսին էր կյանքում` ազնիվ ու մտերիմ։ Հանդիպում էիր փողոցում, դեմքի ծալքերից, շարժվող շուրթերից թվում էր, թե նա երգ էր հորինում՝ շրջապատից վերացած։ Բայց երբ մոտենում էիր, լայն ժպտում էր, հարցուփորձ անում կյանքից, հրամցնում իր նոր որևէ երգը`անուշ, քնքուշ, հողոտ, ժայռահամ, մանուշակաբույր, մեր ջրերի պես կարկաչուն։ Իսկ ո՞վ կարող է ասել, որ Աշոտի տաղերից Սյունիքի համ ու հոտ չի գալիս, չի առաջացնում նաև հուզիչ զգացմունքներ ու մտորումներ։
     Եվ երբ լսում էիր նրա նոր երգը, երջանկախառն հուզմունք էիր ապրում, հպարտանում, որ Գուսանն այդքան բարի, այդքան հասարակ, անկեղծ, ազնիվ ու մտերիմ մարդ է, առաջինը քեզ է հրամցրել իր այդ նոր երգը: Հպարտանամ էիր, որ հայրենակցիդ նոր տաղն, անկասկած, պիտի թև առնի, թռչի աշխարհի ամեն անկյուն և, ինչպես ինքն է ասում.

«Հովտից-հովիտ անցնի, գարունն արթնացնող զեփյուռի պես,
Գարնան շաղոտ ծաղկանց բույրով թարմացնի սիրտը մարդու...»։

     Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ էր ութ տասնամյակից ավելի գարուններ ապրած Գուսան Աշոտը։
     Նրա երգերը, գրքեր դարձած ստեղծագործությունները, որոնք թև են առել, թռել աշխարհեաշխարհ, հույսով ու կարոտով լցրել նաև Սփյուռքի մեր պանդուխտների սրտերը, մեր լեռների պես հարատև են, ապրող ու ապրեցնող։
     Ինքը լավ է գրել.

«Գուսանն էն է, որի երգը հազար փորձանքի դիմանա,
Լեզվից լեզու անցնի, գնա, ամեն ազգի մարդ իմանա...»։

     Նրա երգերն այնքան ինքնուրույն են, փորձության դիմացող, խորիմաստ ու ժողովրդին հարազատ, որ թվում է, թե նրա ամեն մի պատկերը, ամեն մի տողը բխել է հենց ժողովրդի սրտից։ Եվ հենց այդ է պատճառը, որ ժողովուրդն իր մեծ Գուսանին, կյանքից հեռացած մեր ժամանակի Սայաթ-Նովային, սիրով ու անբաժան պահում է իր հավերժորեն բաբախող սրտի մեջ։

ԷԴՈւԱՐԴ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՄԱՐՏԻՆ ԶԻԼՖՈԻՂԱՐՅԱՆ