1982 թ. հրատարակված
<< Ծովաստղիկս >>
երգարանի առաջաբանը
/<<Սովետական գրող>>
հրատարակչություն,խմբագիր`
Լ.Ա.Աստվածատրյան /:

 

 

 

 



ՍԵՎԱԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

ՍԻՐՈ ԿԱՐՈՏԻ ԵՐԳԸ

     Հայ բազմադարյան գուսանական արվեստի գեղեցիկ շառավիղներից է գուսան Աշոտը, արդի հայ գուսանական երգի մեծանուն վարպետներից մեկը։ Նրա անունը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից, տասնամյակներ շարունակ հնչում է ամենուր՝ սրտահույզ երգեր պարգևելով աշխարհին, խնդություն ու խաղաղություն բերելով մարդկանց հոգիներին։
     Գուսան Աշոտի արվեստում խտացվել են հայ ժողովրդի գուսանական-աշուղական մշակույթի լավագույն ավանդները։ Իր խառնվածքով, նախասիրություններով Սայաթ-Նովայի ու Շերամի հետնորդն է։ Ժամանակի հետ ստեղծել է իր ինքնատիպ աշխարհը՝ ուրույն ոճով, մեղեդիական ու բանաստեղծական յուրահատուկ նկարագրով։
     «Ծովաստղիկս» ժողովածուն հեղինակի ստեղծագործական որոնումների, ու այդ որոնումներում հասունության նոր որակ՝ քնքուշ իմաստնություն հաստատելու առհավատչյան է։ Գուսան Աշոտի ամեն մի գիրք իր առանձնահատկություններն ունի, երգաձայնային ու պոետական խոսքի իր արժանիքներն ու նրբությունները։ Ամենից առաջ նշենք, որ սա հեղինակի կյանքում երաժշտական-ոճական նոր էտապ է, Աշոտի երգերը ներառնում են արևմտահայ երգաոճային ինչ-ինչ տարրեր, մի հանգամանք, որն անպայման ավելի հարուստ, ավելի բազմազան է դարձնում նրա երգարվեստը։
     Այնուհետև, ամբողջ ժողովածուում տիրապետող է թեմատիկ մի պլան՝ մարդուն թևեր տվող, հոգին ազնվացնող սերը։ Գուսանի նախորդ ժողովածուներում նույնպես սերը քիչ բաժին չէր կազմում։ Սակայն այստեղ այդ թեման գրեթե միահեծան իշխանություն ունի և իրենով պայմանավորում է ամբողջ գրքի գաղափարական-բովանդակային ուղղվածությունը։ Ավելի քան հարյուր քսան երգի գերակշիռ մեծամասնությունը հյուսված է

Սիրամրմունջ իմ խաղերից,
Սիրամորմոք իմ տաղերից...

     Հյուսված է մարդկային վսեմ ու առինքնող այն զգացման վրա, առանց որի, գուսանի համոզմամբ, անիմաստ է մարդկային գոյությունը։
     Աշոտը և բանաստեղծ է, և երգահան։ Սա ինքնին յուրաքանչյուր գուսանի բնութագրական կողմն է։ Իսկ Աշոտը տաղանդաշատ գուսան է։ Նրա մեղեդիների և բանաստեղծական տեքստերի ներդաշնակությունն այնպիսին է, որ բացառում է ուրիշ մի զուգակցություն: Աշոտի ներաշխարհում մեղեդին ու բանաստեղծական տեքստը ծնվում են միաժամանակ, խմորվում են նույն հույզերից ու ապրումներից, և դժվար է պատկերացնել մեկը առանց մյուսի։ Զարմանալի ձևով նրա կրկներգերը միշտ փոփոխվում են, բովանդակային նոր հնչերանգներ ստանում։ Սա նույնպես թարմության է գուսանի արվեստում։
     Այս ամենով հանդերձ՝ Աշոտի երգերի լայն մասսայականության, ավելացնենք նաև՝ երկարակեցության գաղտնիքը պետք է որոնել դրանց ժողովրդական ակունքների մեջ։ Գուսանը շատ բան է քաղել ժողովրդից, սովորում է նրանից ու նրան է վերադարձնում համով ու հոտով այնպիսի երգեր, որոնք դեռ երկար ու երկար պիտի ուղեկցեն ժողովրդին։
     Սիրո երգի ճշմարիտ վարպետ է գուսան Աշոտը։ Սիրո կարոտը նրա երգերի ամենից ուժեղ, ամենից կենսական լարն է։ Ու այդ կարոտը մաքրության շողերով է օծված, ազնիվ ու տևական զգացմունքների բխվածք է։
     Աշոտի սերը հաճախ անկեղծ մենախոսության է փոխարկվում՝ հո-գեբանական ամենատարբեր նրբերանգներով։ Ապա՝ մերթ ընդ մերթ ինքնախոստովանությունների գեղարվեստական հնարանքով է արտա-հայտում սիրո մեծ կարոտը։
     Անգամ այդպիսի ներանձնացումի պահերին նրա սերը յուրովի իմաստավորվում է պայծառ խոհ-խրատներով ու իմաստուն խորհուրդներով, և գուսանը դառնում է սիրո ազնիվ խրատաբանն ու ճշմարիտ ուղեցույցը։

էս հյուրընկալ աշխարհում օրհնված բարի հյուր լինենք,
Բացվող վարդի շուրթերին մի կաթիլ զով ջուր լինենք,
Տաճարներին սրբացած՝ գոնե մի մոմ լույս լինենք,
Երկնի ճամփան բացողը սերն ու սիրտն են, ով ճամփորդ։

     Ու սրան հաջորդում է կրկներգը՝ խրատ-խորհուրդի մեղեդիական այլ տոնայնությամբ.

Հոգուն բարձունք տանողը,
Ամուր կամար կապողը,
Չարի ճամփան փակողը,
Սերն ու սիրտն են, ով ճամփորդ։

     Այս ոգով են հղացված «Արտերը», «Զավակս», «Եղնիկները», «Սրտի կտակ», «Իմ պապը» և ուրիշ շատ երգեր։ Իսկ «Կախարդանք», «Վարդ աղբյուր», «Ծովաստղիկս», «Խարույկներ վառեմ» և այլն, հոգու և սրտի զուլալ երգեր են, մի-մի գլուխ-գործոցներ։ Դրանք՝ գուսանի բառերով՝ «մասունքներ են կյանքի», և նրանց հեղինակի՝ սիրո երգի վարպետ Աշոտի անունը իրենց հրեղեն թևերին կտանեն գալիք սերունդներին։

Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր