1974 թ. հրատարակված
<< Սիրո կրակներ >>
երգարանի առաջաբանը
/<<Հայաստան>> հրատ., խմբագիր` Լ.Ա.Աստվածատրյան/:

 

 


Գարեգին Հովսեփյան

 

Գ ու ս ա ն Ա շ ո տ

     Ավելի քան հիսուն տարի է, ինչ ստեղծագործում է տաղանդաշատ գուսան Աշոտը: Եվ այդ տարիների ընթացքում ինչքան բան է արել նա: Այդ ամենի մեջ դրսևորվում է գուսանի վառ և ինքնատիպ քանքարը, որն իր հարուստ անհատականության մեջ ներձուլում է հրաշալի կերպով ժողովրդի բանաստեղծին և երգահանին:
     Իր ստեղծագործական բեղմնավոր գործունեության ընթացքում գուսան Աշոտը հասել է այնպիսի բարձր բանաստեղծական-երաժշտական արդյունքների ու նվաճումների, որոնց գեղարվեստական նշանակությունն ու դերը հնարավոր է. որ մինչև վերջ չի բացահայտված և պետք է գրավի գրադատների և երաժշտագետների ուշադրությունը։ Գուսան Աշոտը իր ստեղծագործության մեջ դիմում է գուսանական արվեստի ավանդական ձևերին։ Դրա հետ միաժամանակ նրա երգերը այնքան ինքնուրույն են, խորիմաստ ու հարազատ ժողովրդին, որ թվում է, թե նրա ամեն մի պատկերը, ամեն մի երգը բխել է ժողովրդի սրտից։
     Գուսան Աշոտի «Սիրո կրակներ» գրքի մեջ կան մի քանի առաջատար, գլխավոր թեմատիկ գծեր, որոնց մեջ գերիշխողը և հարատևողը սիրո փառաբանությունն է։
     Նրա ամեն մի գործի մեջ ակնհայտորեն զգացվում է բանաստեղծի անկրկնելի գրելաոճը, անկեղծությունը, հոգեբանական ճշմարտացիությունը, ռոմանտիկական հուզումնալիությունը, հարուստ պատկերավորությունը։
     Ժողովրդայնություն և հայրենասիրություն` ահա նրա ստեղծագործությունների հիմնաքարը։
     «Սիրո կրակներ» երգերի ժողովածուում ընթերցողը նորից է համոզվում գուսանի ստեղծագործության զարմանալի քնարական հարստության, նոր ստեղծագործական գյուտեր անելու ունակության մեջ, հիանում նրա պատկերային շքեղ փայլատակում-ներով և ռիթմական զարգացման բնականությամբ։ Բնութագրելով գուսանի նոր գիրքը, նրա գաղափարական գեղարվեստական արժանինքները, պետք է առաջին հերթին նշել, որ այն խորապես լավատեսական է, լայնաշունչ, կյանքով, հոգեկան ձգտումներով առլեցուն։ Այն հագեցած է մարդու և բնության գեղեցկության ռոմանտիկական հիացմունքով։ Գուսանին խորթ չեն նաև դրամատիկ, հուզախռով պահերը, որոնք բանաստեղծորեն կոնկրետացված են, արտահայտում են բազմապիսի մտորումներ ու տրամադրություններ։
     Գուսանի նոր գիրք-երգարանը, որ պարունակում է հարյուրից ավելի երգեր, աչքի է ընկնում ռեալիստական ճշմարտացիությամբ, հոգեկան խորությամբ և բազմակողմանիորեն են ներկայացնում հեղինակի տաղանդի ուժն ու փայլը։ Այս ամենը ինքնատիպ է, խիզախ, ներշնչումով լեցուն։ Դրանցից առաջնակարգ տեղ են գրավում «Հազար օրհնանք», «Սյունյաց սարեր», «Օջախում», «Սերս վանքում Տաթևի», «Սիրահարը», «Երազ»,«Անցար այգուս նայելով»,«Ղարաբաղի գարունը», «Ծառերը ծաղկում են», «Ծննդավայր», «Իմ օրորան», «Մուրղուզա եղնիկ», «Մանուշակի ձորը», «Գարուն է», «Սուրբ մայրեր», «էն օրեր», և այլ երգերը, որոնք բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում: Այդ երգերում առավել պարզորոշ են արտահայտված տաղանդավոր գուսանի պոետական գրելակերպի առանձնահատկությունները, ստեղծագործական ներշնչանքի անմիջականությունը, կենսահագեցվածությունը։ Ժողովածուի այս և մյուս երգերը վկայում են հեղինակի ստեղծագործական հետաքրքրությունների բազմազանության և բանաստեղծական վառ երևակայության մասին։ «Պիտ երգեմ» երգը անկասկած պատկանում է հայ գուսանական արվեստի լավագույն նվաճումների թվին, և նրա կենտրոնական պատկերը առլեցուն է մեծ կենսունակությամբ, պարզ ու որոշակի պոետական մտածողությամբ, լայն երգեցիկ շնչով: Գուսանի յուրահատուկ, հստակորեն վառ պատկերները այնպիսի արտահայտչական ուժ ունեն, որ գրավում են անմիջականորեն ընթերցողների և լսողների միտքն ու զգացմունքները։ Այդ գեղարվեստական առանձնահատկությունները կարելի է տեսնել նաև «Օջախում» երգի մեջ, որը ոճական տեսակետից կատարյալ է։ Ամբողջը տրված է հույզի և խոհի պոետական խորը միասնության մեջ, սեղմ և խտացված ձևով։ Ամեն ինչ այստեղ միաձույլ է, և անցումները տեղի են ունենում ներդաշնակորեն: Կրքոտ և գեղեցիկ է հնչում «Գարուն է» երգը, որը պատիվ է բերում հեղինակին։ Այո,
այդպիսի ստեղծագործությունները պահանջում են բանաստեղծական վառ տաղանդ և գուսանական բարձր տեխնիկա`

Սիրահարը երկնի հրով թե չվառվի, ի՞նչ սիրահար,
Գիշերն անքուն ցողերի հետ թե չարտասվի, ի՞նչ սիրահար,
Հավք ու հովից յարի մասին հարցմունք չանի, ի՞նչ սիրահար,
Սիրով վառված ձորերն ընկած յար չկանչի, ի՞նչ սիրահար:

էն հազարան աստղերը թե չշողշողան, երկինքն ի՞նչ է,
Օրերն առանց լուսաբացի, կրակների զարթոնքն ի՞նչ է,
Սիրողը թե սիրամորմոք տաղեր չասի, սիրելն ի՞նչ է,
Սերը գաղտնի մոմի նման թե չվառվի,ի՞նչ սիրահար։

     Ինչպես երևում է հենց վերնագրից, այս ժողովածուի հիմնական առանցքը սերն է՝ հարուստ պատկերային հրաշալի զուգորդումներով, քնարական զեղումներով, անսպառ կենսասիրությամբ։
Իբրև դրա օրինակ կարելի է նշել «Դարպաս աղբյուր» գողտրիկ պատկերը, որը գրավում է ընթերցողին տպավորության ամբողջականությամբ, բանաստեղծական պատկերների կենսալիությամբ ու կոնկրետութամբ։ Հեղինակն այստեղ իրեն չի կաշկանդում կամերային լիրիկայի նեղ շրջանակներով։ Նրա երգը առաջացնում է հուզիչ զգացմունքներ և մտորումներ։ Գուսանը այս երգում նույնպես դրսևորում է իրեն իբրև հասուն արվեստագետ, խոր և ողջախոհ վարպետ։

Օրն անցնում է, մի կում ջուր տուր, ելնեմ գնամ,
Նա իմ սրտում, որտեղ մթնի` էնտեղ մնամ,
Թե որ գտնեմ, ամեն տարի այցի կգամ,
Ջուրդ մարդուն արծիվ դարձնող, Դարպաս աղբյուր։

Օխտը սարի ծալքերից բխող ջուր ես,
Հայոց հին-հին հեքիաթներ պատմող ջուր ես,
Աշոտն ասաց՝ սիրուս հեքիաթն ասող ջուր ես,
Անտառի հետ հավերժ խոսող, Դարպաս աղբյուր։

      Գուսան Աշոտի երգերը լի են լույսով ու բերկրանքով, անմիջական ընկալման թարմությամբ ու լիրիկական քնքշությամբ։ Դա իր արտահայտությունն է գտնում և` հյութեղ կոլորիտի, և՛ հոգեբանական հարուստ նրբերանգների ու պարզության մեջ: Ճշմարիտ գեղարվեստական հաճույք են պատճառում նաև «Փերիները չքացան», «Անցար այգուս նայելով», «Լուսնի շողով փերիս գա» խորապես սրտառուչ գործերը, որոնք տարբերվում են հոգեբանական խորությամբ, առինքնող անկեղծությամբ և ներշնչվածությամբ։ Հիմնական և ամենից ավելի գնահատելի արժեքը նրա մի շարք երգերի դրամատիկ շունչն ու լարվածությանն է, հակադիր պատկերների և մոտիվների վարպետ զուգորդումները, որոնք մեկ անգամ կարդացողի մոտ այլևս չեն մոռացվում։ Այս առումով նշանավոր է «Սյունյաց սարերը», որը լի է վառ քնարականությամբ ու դրամատիկ խոր ապրումներով։

Հազար ու մի երգում գոված սար եմ տեսել,
Ձեր կարոտը միշտ եմ քաշել Սյունյաց սարեր,
Ասես սիրով մեծ Նաղաշի ձեռքն է հասել,
Ծաղիկներդ գույն-գուն նախշել Սյունյաց սարեր,
Ինձ մոտ սրտով ձեր գիրկն առեք, Սյունյաց սարեր:
Յայլաներիդ ծուխը սահող երամ դառած,
Իմ նազելին երամի մեջ երազ դառած։

     Նույնչափ պոետիկ ու սրտաբուխ է հնչում «Էն գարնան» վերտառությունը կրող երգը, որտեղ պարզությունն ու բնականությունը, հոգեկան պոռթկումներն ու ձգտումները արտահայտված են խորապես ճշմարտացի ու ցայտուն:
      Գուսան Աշոտի երգերում այնքան մեծագույն սեր, ջերմություն, մաքրություն և այնքան մարդկայնություն կա, որ ընթերցողը չի կարող չզգալ նրա պոեզիայի բարոյական գեղեցկության ուժն ու հոգևոր հարստությունը։ Նա իր արվեստով շատ մոտ է ու հարազատ երգի արքա Սայաթ-Նովային և հռչակավոր գուսաններ Ջիվանուն ու Շերամին։ Եվ նրա երգերը դասականների հետ հոգեհարազատ դարձնողը գուսանի հոգու բացառիկ վեհությունն է, ճշմարտասիրությունը և բազմազան ժանրերի ու ձևերի օգտագործումը։ Եվ իզուր չէ, որ ժողովուրդը նրան անվանում է՝ մեր օրերի Սայաթ-Նովա։ Առանձնապես գնահատելի է հուզական արտահայտչականությունը, պատկերային գունագեղությունը, ժողովրդական մտածողության լիարժեքությունն ու վճիտությունը։ Նրա պոեզիային հատուկ են և՛ նուրբ, և՛ առնական կրքոտության ակներև գծերը, որոնք նոր գրքում ավելի ընդգծված են։

Երկնից իջած աստղափունջ ես ձորերի մեջ,
Ճոխապատկեր քո երեկոն ցոլքերի մեջ,
Հայոց բախտի պատմությունն ես ժայռերի մեջ,
Սեգ ժայռերդ քեզնով հպարտ, իմ օրորան,
Կուռ լեռներդ քեզնով անպարտ, իմ օրորան։
Իմ սերը քո ծաղկանց մեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան,
Սիրող սրտի հուրն անշեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան։

     Գուսանը առանձնակի ուշադրություն է դարձնում տաղաչափությանը։ Նրա երգերում զգացվում է գուսանական տաղաչափական ձևերի ոչ միայն ՛կատարյալ իմացություն, այլև՝ ինքնատիպ վարպետություն, տեմբրային հագեցվածություն և ինտոնացիոն հարստություն։ Հիանալի ճաշակը և երաժշտական նուրբ զգացողությունը գուսանին օգնում են անթերի լուծելու ստեղծագործական բարդ խնդիրները. «Սիրո կրակներ» ժողովածուն մեկ անգամ ևս ապացուցում է, թե որքան բեղմնավոր է եղել գուսանի գրիչը այս տարիների ընթացքում։
     Այս ժողովածուի մի շարք երգերը զարդարում են ոչ միայն անհատ կատարողների, այլև երաժշտական կոլեկտիվների երգացանկերը։ Այդ երգերը մեծ մասսայականություն են վայելում, պատկերավոր են, համեմված ժողովրդական հարուստ բառ ու բանով։
     Վերընթեռնելով ժողովածուն, նորից համոզվում ես, որ գուսան Աշոտը տաղանդավոր պոետ-երգահան է, ամբողջապես ժողովրդական է, ինքնատիպ, այս բառի լավագույն և պրոֆեսիոնալ իմաստով: Ժամանակը ցույց տվեց, որ գուսան Աշոտը զգալիորեն հարստացրեց հայ գուսանական արվեստը հիանալի, խորապես արտահայտիչ բանաստեղծականությամբ և եղանակներով: Դրա ցայտուն ապացույցն է «Սիրո կրակներ» ժողովածուն, որտեղ ժողովրդի ոգին առմիշտ դրոշմված է բանաստեղծական հոյակերտ համադրություններով, պատկերային կուռ, ամբողջական ձևերով։

Գ. Հովսեփյան
Բանասիրական գիտությունների դոկտոր